
Հայաստանում, ի շնորհիվ նորաբաց ԴԻԱՄԵԴ բժշկական կենտրոնի ջանքերի, գործում է նորագույն տեխնիկայի օգնությամբ բուժական մեթոդներ` ուղղված ողնաշարի խնդիրներ ունեցող մարդկանց կյանքի որակը բարձրացնելուն։
Այդ առիթով զրուցեցինք կենտրոնի նյարդաբան, մանուալ թերապևտ Լևոն Համբարձումյանի հետ։
– Ներկայացրեք, խնդրեմ, կլինիկայի պատմությունից:
– ԴԻԱՄԵԴ կլինիկան արդեն մեկ ու կես տարի է, ինչ գործում է Հայաստանում: Բացումն իրականցվել է 2012թ. հունվարի 6-ին: Կլինիկան հիմնականում մասնագիտացված է գոտկային հատվածի խնդիրների բուժման ուղղությամբ: Այն իրականացնում է գոտկային հատվածի ճողվածքների բուժում առանց վիրահատության:
– Ի՞նչ հիվանդությունների դեպքում են դիմում ԴԻԱՄԵԴ բժշկական կենտրոն:
– ԴԻԱՄԵԴ բժշկական կենտրոն կարող են դիմել մեջքի ցավերի, վերջույթների թուլության և թմրածության, ակտիվ և պասիվ շարժումների սահմանափակվածության, ստորին վերջույթների սնուցման խանգարման, անաշխատունակության, օստեոխոնդրոզի, իշիազի, ռադիկուլիտի, գլխացավերի, գլխապտույտների, ողնաշարի ծռվածության դեպքերում:
– Ինչպե՞ս է իրականացվում բուժումը, ի՞նչ համակարգով:
– Բժշկագիտության վերջին ձեռքբերումներից մեկը DRX9000 համակարգն է: Այն նախատեսված է ողնաշարի ճողվածքների ոչ վիրահատական բուժման համար: Համակարգի առանձնահատկությունը ողնաշարի ճողվածքների և օստեոխոնդրոզի ոչ վիրահատական բուժման եղանակի ապահովումն է, որի շնորհիվ կրճատվում են բուժման ժամկետները, և հիվանդին հնարավորություն տալիս խուսափել վիրահատությունների հետ կապված ռիսկերից:
– Ինչո՞վ է առանձնանում մյուս կլինիկաներից:
– Երկար ժամանակ մտորումների մեջ էի, թե ողնաշարի տարբեր խնդիրների բուժման համար ինչպիսի մեթոդներ են կիրառվում եվրոպական երկրներում, որոնք դեռևս չկան Հայաստանում: Խոսքն, իհարկե, ոչ վիրահատական բուժման մասին է: Մենք ուսումնասիրեցինք DRX9000 համակարգը: Սկզբնական շրջանում կասկածամտորեն էինք վերաբերվում դրա արդյունավետությանը, բայց որոշում կայացվեց ձեռք բերել։ Արդեն ունենք ավելի քան մեկ տարվա փորձ, ինչ խոսք, արդյունքները գոհացուցիչ են:
– Եվրոպական երկրներըDRX9000 համակարգի կիրառման ի՞նչ փորձ ունեն։
– Այն լայնորեն կիրառվում է արտասահմանում, մենք հետևել ենք արձագանքների մեծամասնությանը, ինչի արդյունքում ավելի ենք համոզվում, որ սարքն իսկապես կատարում է իր գործառույթները: Բացի եվրոպական շուկայից, այն մեծ կիրառություն է ստացել նաև ԱՄՆ-ում, արևելյան զարգացած երկրներում:
– Ի՞նչ երկարատևություն ունի բուժման և վերականգնման գործընթացը:
– Դա տևում է մոտ մեկ ու կես ամիս, սակայն հիվանդները հսկողության տակ մնում են ևս 4 ամիս` մինչև լիարժեք առողջացման փուլը: Այսինքն, մենք մասնակցում ենք նաև վերականգնողական փուլին, նշանակում և իրականացնում տարբեր մարմնամարզական միջոցներ, որոնք օգնում են վերականգնողական փուլն ավելի արագ և հեշտ անցնելուն:
– Ելնելով ձեր պրակտիկ փորձից` ինչպիսի՞ն է բուժման արդյունավետությունը:
– Եթե դիտարկենք վիճակագրությունը, ապա բավականին բարձր: Համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս 86-96% արդյունավետություն: Այս թվերը հիմնված են 10-ամյա փորձի վրա, քանի որ սարքը գոյություն ունի 2003 թվականից: Մեզ մոտ` վիճակագրության տվյալների համաձայն, ցուցանիշն ավելի բարձր է` 95-96 %, իհարկե, հաշվի է առնվում այն հանգամանքը, որ համաշխարհային վիճակագրության համեմատ մեր հիվանդները շատ ավելի քիչ են: Բուժումից հետո հիվանդները լիարժեք կյանքով են ապրում` զերծ ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակումներից: